Որոնումը հնարավոր է իրականացնել ըստ հետեւյալ չափանիշների.

  1. Հուշարձանի տեսակ.
    Այն իրենից ներկայացնում է տեսակը նկարագրող եռաստիճան համակարգ՝ մեկը մյուսին ստորադաս բաժանմամբ.
    Տեսակախումբ -> տեսակ-> ենթատեսակ։
    Ընտրելով տեսակախումբը՝ «տեսակ» ենթաբաժնում կհայտնվեն միայն տվյալ տեսակախմբին ստորադաս տեսակները։ Իսկ ընտրելով տեսակը՝ նման ձեւով կհամալրվի «ենթատեսակ» բաժինը։
  2. Հուշարձանի հորինվածք.
    Կախված հուշարձանի տեսակից՝ «Հորինվածքային առանձնահատկություններ» ենթաբաժինը կհամալրվի տվյալ տեսակի հուշարձանի բոլոր հնարավոր հորինվածքների բազմությամբ, որոնք առկա են շտեմարանում։
  3. Հուշարձանի անվանում
    Դաշտը լրացվելու դեպքում որոնումը կիրականացվի բառի մասով (սկզբնամաս, միջնամաս)։
    Դատարկ թողնելով դաշտը՝ կորոնվեն անանուն հուշարձանները։
    Այբբենական որոնման դեպքում հաշվի կառնվի միայն հուշարձանի անվան սկզբնատառը։
  4. Հուշարձանի տեղադրություն.
    Հուշարձանի գտնվելու վայրն առավել ճշգրիտ ներկայացնելու համար մշակվել է տեղանունների բազմաստիճան ճկուն համակարգ, որն իրենից ներկայացնում է անսահմանափակ խորության ծառ։ Ինչպես օրինակ.
    երկիր -> նահանգ -> շրջան -> գավառ -> քաղաք -> թաղամաս եւ այլն։
    Եթե Ձեզ հայտնի չէ հուշարձանի գտնվելու վայրի անունը, կամ այն ժամանակին ենթարկվել է անվանափոխությունների, բայց Դուք գիտեք մոտավորապես դրա գտնվելու վայրը քարտեզի վրա, կարող եք գտնել այն «Գրաֆիկական որոնում» բաժնում քարտեզի վրա առկա հուշարձանի պայամանական նշանի միջոցով։
  5. Հուշարձանում առկա տեղեկատվական ձեւեր.
    Կայքում առանձնակի ուշադրություն է դարձվել տեղեկատվական ձեւերի եւ դրանց դասակարգման վրա։ Դրանք են՝ պատկերաքանդակ, արձանագրություն, զինանշան, ժայռագիր, զարդաքանդակ, որմնանկար եւ այլն։ Հենց տեղեկատվական ձեւ անվանումն արդեն հուշում է իր նշանակության մասին։ Տեղեկատվական ձեւն է մեզ տեղեկություն տալիս հուշարձանի մասին, նրա ստեղծման, նորոգության եւ դարերի ընթացքում հուշարձանի հետ կապված տարբեր իրադարձությունների վերաբերյալ։ Ինքը կարծես իրենից ներկայացնում է հուշարձանի մի ուրույն տեսակ՝ իր թվագրմամբ, հորինվածքային, թեմատիկ, լեզվական առանձնահատկություններով։
    Հուշարձանը կարող եք գտնել, օրինակ՝ ըստ դրանում տեղ գտած արձանագրության հորինվածքի:
  6. Հուշարձանի եւ տեղանվան հետ կապված ուսումնասիրություններ.
    Բավականին ծավալուն «Ուսումնասիրություններ» բաժինն արտացոլում է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (RAA)» կազմակերպությունում կատարվող գիտական ուսումնասիրությունների հիմնական մասը։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի շտեմարանից որոնել-գտնել հուշարձաններ եւ բնակավայրեր ըստ իրենց անուղղակի հատկությունների, այսինքն՝ ըստ կատարած ուսումնասիրությունների թեմայի կամ պատմական իրադարձության՝ չիմանալով հուշարձանի եւ բնակավայրի անունը։
    Նման մոտեցումը հնարավորություն կտա գիտնականներին խորը, բազմակողմանի վերլուծություններ կատարել եւ նոր հայտնագործություններ անել հայկական պատմա-մշակութային արժեքների հետազոտման գործում։
  7. Արվեստի եւ ճարտարապետության գանձարան (AAT)

Ջ. Պոլ Գետիի անվան ինստիտուտի կողմից ստեղծված «Արվեստի եւ ճարտարապետության շտեմարանը» (The Art & Architecture Thesaurus, AAT), որը պատկանում է Ջ. Պոլ Գետիի հիմնադրամին, արվեստի եւ ճարտարապետության բնագավառում առաջին ծավալուն շտեմարանն է:

AAT-ն ներառում է նյութական մշակույթի հուշարձանների եւ արխիվային նյութերի կատալոգավորման եւ ցուցակավորման մեջ կիրառվող տերմինաբանություն, ինչպես նաեւ Revised Nomenclature for Museum Cataloging-ի (Բարեփոխված տերմինաբանություն թանգարանային կատալոգավորման համար) հիման վրա կազմված բառարան, որը լայնորեն կիրառվում է թանգարանային կատալոգների ստեղծման գործում:

AAT-ի ժամանակակից տարբերակն ընդգրկում է տերմիններ (եզրաբառեր) ինչպես բրիտանական, այնպես էլ ամերիկյան անգլերենից: (CHIN-ը Canadian Heritage Information Network), Կանադական մշակութային ժառանգության տեղեկատվական ցանցը շուրջ 2.600 նկարագրական եւ այլընտրանքային նկարագրական բառեր է թարգմանել ֆրանսերեն: Պատմական տեղեկություններն ուղեկցվում են ծանոթագրություններով ու վկայակոչումներով, ավելի լայն ու ավելի նեղ իմաստ ունեցող տերմիններով, ինչպես նաեւ այլընտրանքային եզրաբառերով:

AAT-ն իրենից ներկայացնում է տերմինների մի անգնահատելի շտեմարան արվեստի գործերի, նյութական մշակույթի հուշարձանների, գրադարանային եւ արխիվային նյութերի ուսումնասիրությամբ եւ կատալոգավորմամբ զբաղվող մասնագետների համար:

1980 թ.-ից ի վեր տարեցտարի համալրվելով տարբեր գիտնականների կողմից տրամադրվող տեղեկություններով՝ AAT-ն ներառում է մոտ 100.000 եզրաբառ եւ տարին 2 անգամ թարմացվում է՝ ըստ շտեմարանից օգտվողների առաջարկությունների, որոնք մանրամասն ուսումնասիրվում են փորձագետների խորհրդի կողմից:

Կայքում զետեղված «Գլխաբառերով AAT» որոնման բաժինն իրենից ներկայացնում է վերը նկարագրած միջազգայինի պարզեցված տարբերակը: Այն ընդգրկում է հայկական պատմական եւ ժամանակակից հուշարձանները տարբեր ժանրերով նկարագրելու տերմինների բազմաստիճան համակարգված ծառ: Դրանում տեղ գտած գլխաբառերի միջոցով կարող եք գտնել հուշարձաններ, որոնք այս կամ այն կերպ կապված են տվյալ տերմինի հետ։

Նախատեսված է, որ կայքով առավելապես կհետաքրքրվեն բազմազան ոլորտի պետական եւ ոչ պետական կառույցներ, անհատ ուսումնասիրողներ, գիտնականներ, կրոնական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, ճարտարապետներ, հիմնադրամ-կազմակերպություններ, զբոսաշրջիկներ, ուսանողներ, դպրոցականներ եւ այլք։

Որոնման համակարգի համալրումը տվյալներով կատարվում է ամեն օր եւ պարբերաբար թարմացվում է։

Հարգելի ընթերցող, Դուք կարող եք մասնակցել տվյալների մուտքագրման գործին «ԱՌԱՋԱՐԿՆԵՐ» ենթաբաժնի միջոցով։

Շնորհակալություն: